Սեպտեմբերի 1-ը պարզապես օրացույցային ամսաթիվ չէ․ սա մի նոր, հագեցած ու հետաքրքիր փուլի մեկնարկ է բոլորիս համար։ Ավագ դպրոցի կյանքն ունի իր յուրահատուկ ռիթմը, որտեղ ամեն օրն ավելի պատասխանատու է, որոշումները՝ ավելի հասուն, իսկ ձևավորված ընկերությունն ու հիշողությունները՝ ամենաամուրը։

Սիրելի՛ աշակերտներ, շնորհավորում ենք ձեզ նոր ուսումնական տարվա կապակցությամբ։ Մեկիդ համար սա լիովին նոր միջավայրի ու ծանոթությունների սկիզբ է, մյուսի համար՝ նպատակները հստակեցնելու ժամանակ, իսկ ոմանց համար էլ՝ վերջին, անմոռանալի դպրոցական տարին։ Մի վախեցեք փորձել, սխալվել, հարցեր տալ ու նոր բացահայտումներ անել։ Գնահատեք դպրոցական ամեն օրը, դասամիջոցային ծիծաղն ու միասին անցկացրած յուրաքանչյուր րոպեն։

Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում ենք ձեզ և շնորհակալություն հայտնում ձեր անսպառ համբերության, ուշադրության ու այն ջերմության համար, որով ամեն օր մտնում եք դասարան։ Ձեր նվիրումն է, որ այս միջավայրը դարձնում է ոչ թե պարզապես կրթօջախ, այլ վստահելի ու ապահով մի տարածք, որտեղ ձևավորվում են ինքնավստահ ու մտածող անհատներ։

Թող այս ուսումնական տարին լինի ոչ թե լարվածության ու սթրեսի, այլ իրական հաջողությունների, ջերմ հիշողությունների ու առաջընթացի տարի։ Մենք կողք կողքի ենք՝ իրար աջակցելու, ուղղորդելու ու ամենափոքր ձեռքբերմամբ անգամ միասին ուրախանալու համար։

Բարի մեկնարկ և հաջողակ տարի բոլորիս։