Ի՞նչ են խարդախությունն ու զեղծարարությունը
Խարդախություններն ու զեղծարարությունները խաբեության և մոլորեցման հնարքներ են, որոնք օգտագործում են Ձեր անձնական տվյալները՝ Ձեր գումարին տիրանալու համար կամ այլ կերպ վնասելու համար: Զեղծարարները ստեղծում են իրական թվացող տարբեր իրավիճակներ, որպեսզի Ձեզ մոլորության մեջ գցեն կամ հուզական ազդեցություն ունենան Ձեր վրա՝ ստիպելով ընկնել իրենց թակարդը: Խաբեության ու զեղծարարության տարածված տեսակներ են հեռախոսային ու առցանց խարդախությունները, ֆիշինգը, ներդրումային ու առցանց գնումների խարդախությունները և այլն: Այսօր տեխնոլոգիաների զարգացման հետ մեկ տեղ զեղծարարներն ավելի հնարամիտ են դարձել իրենց խարդախ քայլերում, բայց գլխավոր նպատակը մնացել է նույնը. ստանալ Ձեր անձնական տվյալները: Այժմ նրանք, օգտագործելով արհեստական բանականությունը, նմանակում են վստահելի կազմակերպություններին, ինչպիսիք են բանկերը և հայտնի մարդիկ, որոնք վստահություն ունեն հասարակության մեջ: Սոցիալական ցանցերի ալգորիթմները նույնպես դարձել են զենք զեղծարարների ձեռքում, ինչը նրանց հնարավորություն է տալիս թիրախավորել կոնկրետ խմբի մարդկանց և տարածել ապատեղեկատվություն։
Ինչպե՞ս պաշտպանվել առցանց զեղծարարություններից
Ֆիշինգային նամակներ գրելով, սոցիալական էջերից Ձեզ գրելով, հաղորդագրություններ (SMS) ու գովազդներ ուղարկելով՝ զեղծարարները դրդում են Ձեզ սեղմել կասկածելի հղումների վրա, կատարել կասկածելի գնումներ, տարօրինակ մեծ եկամտաբերությամբ ներդրումներ անել, և արդյունքում տիրանում են Ձեր փողերին ու անձնական տվյալներին: Օրինակ՝ որևէ կայք այցելելիս կայքը Ձեզ «ուրախությամբ հայտնում է», որ Դուք հարյուր հազարերորդ այցելուն եք, և ունեք մեծ նվեր. միայն պետք է գրանցվել և տրամադրել Ձեր բանկային քարտի տվյալները։ Նվերն այդպես էլ չի ստացվում, իսկ քարտային հաշվից գումարներ են գանձվում անհայտ անձանց կողմից։ Կամ փոստից նամակ եք ստանում, որ փաթեթ ունեք, պետք է անցնել հղմամբ ու լրացնել տվյալները՝ առաքումը կազմակերպելու համար։ Իսկ նամակում անհասկանալի հղում է, որը Ձեզնից անձնական տվյալներ է տանելու։ Զգու՛յշ եղեք գործարքներից, որոնք չափազանց լավն են թվում ճշմարիտ լինելու համար: Երբեք մի՛ կիսվեք անձնական տվյալներով։ Եթե արդեն տվել եք քարտային տվյալներ, ուրեմն անհապաղ բլոկավորե՛ք քարտը։ Ի դեպ, դա կարող եք արագ ու հեշտ կատարել մոբայլ բանկինգի միջոցով։ Հետագայում վերաթողարկե՛ք քարտը՝ թույլ չտալով կրկնել զեղծարարությունը։ Եթե տրամադրել եք անձնական տվյալներ, հայտնե՛ք այդ մասին ոստիկանությանը։
Ինչպե՞ս պաշտպանվեմ առցանցց գնումների ժամանակ կատարվող խարդախություններից
Առցանց գնումները շատ հարմար են և արագ, բայց միևնույն է հարկավոր է դրանք անվտանգ կերպով կատարել: Անհավանական ցածր գները, անծանոթ կայքերը և աչքի ընկնող ու ագրեսիվ մարքեթինգը կարող են խարդախության նշաններ լինել: Օրինակ՝ սոցիալական ցանցի էջով գալիս է գովազդ․ «Էքսկլյուզիվ» ժամացույցներ առաջարկող ինտերնետ-խանութը առաջարկում է գնել միանգամից տասը ժամացույց և դառնալ վաճառքի գործակալ՝ ներգրավելով նոր հաճախորդներ և վաստակելով գործակալական միջնորդավճար։ Պատվիրված ժամացույցները, սակայն, այդպես էլ չեք ստանում կամ ստանում եք հասարակ ժամացույցներ՝ կայքում գնահատված գնից մի քանի անգամ ավելի էժան և բոլորովին ոչ «էքսկլյուզիվ»: Պետք չէ՛ դյուրահավատ լինել չափազանց լավը թվացող առաջարկների նկատմամբ։
Ի՞նչ է ֆիշինգը, ինչպե՞ս պաշտպանվել դրանից
Ֆիշինգը շարունակում է մնալ ամենատարածված առցանց խարդախություններից մեկը, որն իրականացվում է մարդկանց անձնական տեղեկությունները ստանալու միջոցով: Այս խարդախությունները հաճախ հայտնվում են SMS-ների, էլեկտրոնային նամակների տեսքով, Ձեզ գալիս են քողարկված, որպես օրինական ու հուսալի էլ. հաղորդագրություններ և նպատակաուղղված են առաջացնել հրատապության կամ վախի զգացում: Օրինակ 1 Armenia post Հայաստանի փոստային բաժանմունք․ հասցեի թերի լինելու պատճառով մենք չենք կարող ձեր ապրանքը հասցնել ձեր դուռը, խնդրում ենք լրացնել հասցեն՝ https://hyapost.cyou/am (Խնդրում ենք պատասխանել «1», ապա դուրս գալ SMS-ից, նորից բացել SMS-ի ակտիվացման հղումը կամ պատճենել հղումը՝ Safari-ում բացելու համար)։
Ամբողջական հոդվածները կարող եք կարդալ այստեղ։
