Գիրքը գիտելիքի, երևակայության և նոր աշխարհներ բացահայտելու աղբյուր է։ Պարզելու համար, թե ինչ դեր ունի ընթերցանությունը մեր դպրոցի աշակերտների կյանքում, զրուցել ենք նրանցից մի քանիսի հետ։ Նրանք պատմել են իրենց առաջին և վերջին կարդացած գրքերի, ամենամեծ տպավորություն թողած ստեղծագործությունների մասին, ինչպես նաև կիսվել իրենց կարծիքներով։ Աշակերտներից մեկը ներկայացրել է նաև իր հեղինակած գիրքը։ Իսկ թե ինչ են պատմել նրանք, կիմանանք ստորև։

Իմ առաջին կարդացած գիրքը եղել է Ագաթա Քրիստիի «Սպանություն Արևելյան ճեպընթացում» վեպը։ Գիրքն ինձ առաջին իսկ էջերից գրավել է իր խորհրդավոր ու լարված մթնոլորտով։ Սակայն ամենից շատ ինձ տպավորել է անսպասելի ավարտը, որն ամբողջովին փոխում է պատմության մասին պատկերացումն ու ստիպում նորովի վերաիմաստավորել կատարվածը։

Իմ ամենասիրելի գիրքը իմ կարդացածների շարքից եղել է Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա»:Տպավորվել եմ առաջին իսկ տողից հուզիչ պատմությամբ Այն ինձ համար պարզապես գիրք չէ, այլ մի պատմություն, որը երկար ժամանակ մնում է հիշողությանդ մեջ՝ ստիպելով վերաիմաստավորել շատ բաներ։

Իմ ամենավերջին կարդացած գիրքը եղել է Մարկ Լևի «Ինչքան բան ունեինք իրար ասելու» գիրքը ծնողի և երեխայի հարաբերությունների մասին նրանց միջև եղած բարդություններին, չասված խոսքերին ու չարտահայտված զգացմունքներին։ Գրքի հիմնական խորհուրդն այն է, որ յուրաքանչյուր մարդ կյանքում ունի հնարավորություն՝ փոխելու ամեն ինչ, շտկելու անցյալի սխալները և նորովի սկսելու։
Իմ սիրելի մեջբերումն է՝

«Զարմանալի է, թե ինչպես է վախը կարողանում խոչընդոտել ոգու թռիչքը»։
Այս միտքն ինձ համար այն մասին է, որ երբեմն հենց մեր վախերն են մեզ հեռու պահում այն ամենից, ինչին իսկապես ձգտում ենք:

Իմ առաջին կարդացած գիրքը եղել է Ագաթա Քրիստիի«Էրքյուլ Պուարոյի Սուրբ ծնունդը» Ինձ այս գրքում հատկապես գրավել է այն, թե ինչպես է հեղինակը մինչև վերջ պահում ընթերցողի հետաքրքրությունը՝ ստիպելով մտածել, կասկածել տարբեր հերոսների և փորձել ինքնուրույն բացահայտել առեղծվածը։ Այս գիրքն ինձ սովորեցրեց ուշադրություն դարձնել մանրուքներին և չշտապել եզրակացություններ անել։

Իմ ամենասիրելի գիրքը եղել է Ագաթա Քրիստիի «Եվ ոչ ոք չմնաց» դետեկտիվ վեպը։Գիրքն ինձ սովորեցրեց չշտապել մարդկանց դատել, ուշադրություն դարձնել մանրուքներին և հասկանալ, որ յուրաքանչյուր մարդ ունի իր պատմությունն ու գաղտնիքները։ Գրքի հիմնական խորհուրդն այն է, որ պետք է պատասխանատու լինել սեփական արարքների համար, քանի որ անցյալում կատարած ընտրությունները կարող են ազդել մեր ապագայի վրա։

Իմ վերջին կարդացած գիրքը եղել է Ժյուլ Վեռնի «Խորհրդավոր կղզին» արկածային վեպը ինձ հատկապես դուր է եկել այն, թե ինչպես են հերոսները, չնայած բոլոր դժվարություններին, չեն կորցնում հույսը և շարունակում պայքարել։ գրքի խորհուրդն այն է, որ գիտելիքը, աշխատասիրությունը, համախմբվածությունն ու երբեք չհանձնվելու կամքը կարող են օգնել հաղթահարել ցանկացած դժվարություն։
Գրքում առանձնացնեմ մի մեջբերում,որը ինձ շատ է դուր եկել՝

«Անհրաժեշտությունն ամենալավ ուսուցիչն է, որին, ի դեպ, բոլորը հրաշալիորեն լսում են»

Յուրաքանչյուր գիրք ծնվում է որևէ հարցից կամ դիտարկումից, որը թույլ չի տալիս անտարբեր անցնել։ Իմ պատմությունն էլ մի դիտարկման արդյունք է, որը վերաբերում է մարդկանց ամենածանր ապրումներին։
Նկատել եմ, որ յուրաքանչյուր մարդու կյանքում կա հարազատ կամ շատ մտերիմ ընկեր, որի կորստից հետո մարդն արմատապես փոխվում է, իսկ նրա կյանքն այլևս երբեք առաջվանը չի լինում։
Ես ցանկանում էի ցույց տալ այդ անտանելի ցավի դեմ պայքարը, բացահայտել ներքին փոթորիկները հաղթահարելու ճանապարհները և գտնել այն աղբյուրը, որն առաջ շարժվելու ուժ է տալիս՝ չնայած ճակատագրի ծանր հարվածներին։
Հերոսների անունները պատահական ընտրված չեն, այլ ակնարկ են «Frozen» մուլտֆիլմի հերոսներին, որոնք խորհրդանշում են ամենամաքուր ու անձնվեր սերը՝ քույրերի միջև եղած կապը։
Վերջաբանն ունի իր խորհուրդը․ նույնիսկ վայրկյանական թուլությունը կարող է լինել ճակատագրական և ունենալ անդառնալի հետևանքներ՝ «Արդարության գինը»

Գրքերը մեզանից յուրաքանչյուրին ինչ-որ բան են սովորեցնում՝ անկախ նրանից՝ ինչ տարիքում ենք կարդում կամ ինչ ժանր ենք նախընտրում։ Կարևոր է ոչ միայն կարդալը, այլև հասկանալն ու զգալը այն, ինչ հեղինակը ցանկանում է փոխանցել։ Գուցե հենց հաջորդ գիրքը դառնա մեր կյանքի ամենատպավորիչ պատմություններից մեկը։