Դպրոց մտանք՝ սովորականի պես, բայց էդ օրը ինչ-որ կասկածելի բան էր կատարվում։
Առաջին դասից արդեն պարզ դարձավ՝ էսօր ամեն ինչ շուռ է եկել …
Ընկ.Սարդարյանը մտավ դասարան.
— «Այսօր կանցնենք… թթուներ»

Մենք մտածեցինք՝ թե ի՞նչ կապ ունեն թթուները պատմության հետ։
— «Թթուները հայտնվել են դեռ հին ժամանակներում… կարելի է ասել՝ իրենց “ծաղկման շրջանը” ունեցել են միջնադարում»-ուսուցչուհին շատ տարօրինակ էր…
Հետո գրեց գրատախտակին՝ H₂SO₄
— «Սա շատ կարևոր “դեմք” է քիմիայի պատմության մեջ»
— «Ո՞վ կպատմի՝ ինչ դեր է ունեցել»
Մի աշակերտ մոտեցավ․
— «Դա… թթու ա»
— «Այո՛, բայց ավելի խորքային նայեք, ի՞նչ ազդեցություն է ունեցել “հասարակության” վրա»։
Վերջում էլ տնային՝
— «Գրեք թթուների “կենսագրությունը”»

Հաջորդ դասաժամից հետո իմացանք,որ ընկ.Հակոբյանը մտել է դասի և խնդրել, որ նկարեն բջիջ, բայց զգալով դրա կյանքը և գույների նշանակությունը դրա բաղադրության մեջ։
Հետո խոսակցություններ լսեցինք, թե այսօր ՆԶՊ-ի ուսուցիչը՝ պարոն լեյտենանտը հրաման է տվել սովորել արագության բանաձևը, այդ հարցը ֆիզիկայից է…

Պատմության ուսուցիչը՝ քիմիա, ՆԶՊ-ի ուսուցիչը՝ ֆիզիկա, Կենսաբանության ուսուցիչը՝ արվեստ…
Դասերից հետո բոլորս վերջապես մի բան հասկացանք՝ կարող ես փոխել առարկան, բայց ուսուցչի ոճը՝ ոչ;
Եվ երևի հենց դրա համար ապրիլի մեկը դպրոցում ամենազվարճալի «խառնաշփոթն» էր։
Հեղինակ՝ Լենա Ալեքսանյան
