Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, մեր դպրոցը ջերմորեն ու գրկաբաց իր դռները բացեց աշակերտների և ուսուցիչների առջև՝ ազդարարելով ուսումնական նոր տարվա մեկնարկը։
Գիտելիքի և դպրության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառումն ուղեկցվեց եղած գեղեցիկ ավանդույթներով։ Դպրոցի տնօրեն, տիկին Սաղաթելյանն իր շնորհավորական խոսքում արժևորեց աշակերտների ջանքերն ու նվիրումը, ինչպես նաև հանձնեց պատվոգրեր ու գովասանագրեր նախորդ ուսումնական տարին բարձր առաջադիմությամբ ու գերազանց ավարտած սաներին։
Տոնական օրվա ամենահուզիչ ու սպասված պահերից էր մեր համայնքի նոր անդամների՝ տասներորդցիների մուտքը։ Իրենց դասղեկների առաջնորդությամբ՝ նրանք առաջին անգամ քայլեցին դպրոցի կամարներից ներս՝ որպես ավագ դպրոցի լիարժեք աշակերտներ։
Միջոցառման ավարտից հետո, ըստ ձևավորված բարի ավանդույթի, աշակերտներն ու ուսուցչական կազմն ուղևորվեցին Սուրբ Երրորդություն եկեղեցի, որտեղ ստացան հոգևոր հոր օրհնությունը՝ խաղաղ, արգասաբեր ու հաջողություններով լի ուսումնական տարի ունենալու աղոթքով։
Բարի երթ և լուսավոր ճանապարհ բոլորիս։


